Զրույց Հովհաննես Մարգարյանի և Վարդան Ջալոյանի հետ

«Դիտումներ և զրույցներ» նախագծի հերթական հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 19:00-ին, Studio 20-ում արվեստագետ Հովհաննես Մարգարյանի և արվեստի քննադատ Վարդան Ջալոյանի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվի ժամանակակից քաղաքական արվեստը ՝ Հովհաննես Մարգարյանի վիդեո-արվեստի աշխատանքների օրինակով:

Արվեստագետն իր գործերում արտահայտելով ակտուալ խնդիրներ, իր վերլուծող հայացքով ցուցաբերում է ներգրավված վերաբերմունք քաղաքական երևույթների նկատմամբ՝ ձգտելով լինել լոկալ սոցիալական, քաղաքական և հանրային իրադրության մեջ:

Բողոքի ժամանակակից շարժումները՝ «օքուփայը», «արաբական գարունը», «ռուսական ձմեռը», հայաստանյան համանման շարժումները, խնդրականացրեցին նեոլիբերալ կապիտալիզմի կառույցները և հաստատությունները, այդ թվում՝ ժամանակակից արվեստում:

Այս պայմաններում առաջնահերթ է նոր քաղաքական արվեստի ձևավորումը, որը ոչ շուկայական է և ոչ համակարգային, այլ բողոքի ժամանակակից արվեստ՝ իր դրսեւորումներում կապված լինելով փողոցային քաղաքական նոր շարժումների հետ:

Հովհաննես Մարգարյանն իր վիդեո-աշխատանքներում հարցադրումներ է անում՝ ուղղված բացահայտելու ժամանակակից հասարակությունում իշխանության և բռնության դրսևորման էությունը:

Ժամանակակից «ցուցադրանքի» հասարակությունում իշխանությունը պատկանում է պատկերներին, իսկ զանգվածային լրատվամիջոցներն այդ պատկերները վերածում են ներկայացման՝ ներշնչելով, թե ցուցադրանքից անդին ոչինչ չկա:

Հովհաննես Մարգարյանն օգտագործելով մոնտաժի մեթոդը իր վիդեո աշխատանքներում քննադատական վերլուծության է ենթարկում ԶԼՄ-ները և ցուցադրանքի հասարակության կարծրատիպերը:

Մարգարյանի վիդեո աշխատանքներում քաղաքականն այն ուժն է, որ ժամանակին տալիս է նրա պայմանաձևերը:

---
Հովհաննես Մարգարյանը ժամանակակից արվեստի առաջին սերնդի ներկայացուցիչներից է, հայաստանյան նոր քաղաքական արվեստի հիմնադիրներից է, մասնակցություն է ունեցել «Երրորդ հարկ» արտիստական միավորման ցուցահանդեսներին:

---
Վիդեո Արտ Արխիվի «Դիտումներ եւ զրույցներ» հանրային ծրագրի նպատակն է ժամանակակից արվեստի կոնտեքստում հարցադրել, թե ինչպես է շարժվող պատկերը արտադրում մտածողության ուղիներ և նպաստել շարժվող պատկերի վերաբերյալ քննադատական դիսկուրսի ստեղծմանը: Ծրագրի խնդիրն է վերա-արծարծել այն բովանդակությունը, որին անդրադարձել են վերջին 25 տարիներին Հայաստանում գործող արվեստագետները:

---
Վիդեո Արտ Արխիվը Արտ Բազիսի նախագիծն է, որն աշխատում է վիդեո գործերի հավաքման և պահպանության վրա:

---
Նախագիծն իրականացվում է «Մշակույթի եւ կառավարման լաբորատորիայի» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):