զրույց Հարություն Սիմոնյանի, Վարդան Ջալոյանի եւ մասնակիցների միջեւ

«Դիտումներ և զրույցներ» նախագծի առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը 19:00-ին, Studio 20-ում, արվեստագետ Հարություն Սիմոնյանի, արվեստի քննադատ Վարդան Ջալոյանի եւ մասնակիցների միջև: Հանդիպման առանցքը մարմնի քաղաքականությունը (body politics) հարցադրումներով քննարկելն է մասնակիցների հետ՝ Հարություն Սիմոնյանի վիդեո արվեստի աշխատանքների եւ պերֆորմանսների օրինակով:

Ինչպե՞ս է մարմինը շարժման մեջ հայտնվելով՝ ստեղծում սոցիալական տարածք, ի՞նչի համար է կարեւոր հանդիսատեսի բացակայությունը:

Հարություն Սիմոնյանը վերջին տարիներին ժամանակակից արվեստի միջավայրում ոչ ռեպրեզենտատիվ արվեստ է անում: Սակայն, 90-ականների կեսերին, երբ նա դեռևս վիդեո արտ եւ պերֆորմանս էր անում, այսօրվա ոչ ռեպրեզենտատիվ իրադրությունը, արդեն իսկ ընդգծված էր:

Նյութը եւ առիթը օգտագործելիս արվեստագետն իր հետ հաշվի էր նստում այն աստիճան, որ հարցադրումներով ճշգրտում էր, թե արդյոք իր գործերը սպառողականություն չեն առաջացնում: Արվեստագետը, որքան նախկինում, նույնքան եւ հիմա, գործերում վերացնում էր սպառողականությունը՝ արվեստագետի իր խնդիրը դարձնելով սոցիալական տարածք ստեղծելը:

Հարություն Սիմոնյանը վիդեո աշխատանքներում ու պերֆորմանսներում այդ սոցիալական տարածքը ստեղծում է գործողություն անելով, նյութը՝ մարմինը շարժման մեջ դնելով (body politics):

Արվեստագետի այսօրվա իրադրությունը նկատելի է դեռ նրա աշխատանքներում, երբ նա, օրինակ պերֆորմանսների ժամանակ օգտագործում էր հսկող տեսախցիկներ, կամ երբ վիդեո աշխատանքների ցուցադրության ժամանակ ստեղծում էր այնպիսի իրավիճակ, որ դիտողը օգտագործի ականաջակալներ՝ իր դրությունը փոխելու միջոցով մասնակցային կարգավիճակ ստանալով:

---
Հարություն Սիմոնյանը (1972) հայաստանյան ժամանակակից արվեստի միջավայրում է 90-ականներից: Ապրում է Երեւանում եւ Նյու Յորքում:

---
Վիդեո Արտ Արխիվի «Դիտումներ եւ զրույցներ» հանրային ծրագրի նպատակն է ժամանակակից արվեստի կոնտեքստում հարցադրել, թե ինչպես է շարժվող պատկերը արտադրում մտածողության ուղիներ և նպաստել շարժվող պատկերի վերաբերյալ քննադատական դիսկուրսի ստեղծմանը: Ծրագրի խնդիրն է վերա-արծարծել այն բովանդակությունը, որին անդրադարձել են վերջին 25 տարիներին Հայաստանում գործող արվեստագետները:

---
Վիդեո Արտ Արխիվը Արտ Բազիսի նախագիծն է, որն աշխատում է վիդեո գործերի հավաքման և պահպանության վրա:

---
Ծրագիրն իրականացվում է «Մշակույթի եւ կառավարման լաբորատորիայի» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):