Զրույց Դիանա Հակոբյանի և Վարդան Ջալոյանի հետ

«Դիտումներ և զրույցներ» նախագծի հերթական հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 19:00-ին, Studio 20-ում, արվեստագետ Դիանա Հակոբյանի և արվեստի քննադատ Վարդան Ջալոյանի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվի կանանց ժամանակակից արվեստը՝ Դիանա Հակոբյանի վիդեո արվեստի աշխատանքների օրինակով:

Դիանա Հակոբյանը վիդեո արտով է զբաղվում 1997թ.-ից: Արվեստագետի համար կարևոր էր մարմնի շարժումը ցույց տալու վիդեոյի ընձեռած հնարավորությունները: Պատկերվող շարժումները պարզ են, մի քանի կադր, որոնք արտահայտում են խաղի, ցատկի պատճառած հաճույքը, կարևորում ազատության և խնդության զգացումը: Ինչպես նշում է արվեստագետը. «Կարծես թռիչքի ձևով պայքարի փորձ է մարմնի փայտացման դեմ. իմ վիդեոները փորձում են շարժել մարմինը: Տվյալ դեպքում՝ թռիչքը ծայրահեղ շարժումն է»:

Երբեմն նրա վիդեոներում հայտնվում են սոցիալական, ֆեմինիստական, քաղաքական թեմաներ: Դիանան ընդունակ է տեսնել անտեսանելի, աննկատը, նյութական աշխարհի մյուս կողմը, որը նրա աշխատանքներին հմայք և ինքնատիպ օպտիկա են հաղորդում: Դիանայի իրականությունը հեղինակային է:

Կին արվեստագետներն այլ օպտիկա ունեն, քան նրանց տղամարդ կոլեգաները, որը պայմանավորված է պատրիարքալ աշխարհում նրանց դերով, դարերով շարունակվող գենդերային անհավասարությամբ: Ամեն մի վիզուալ ռեպրեզենտացիա, լինի նկար, քանդակ, լուսանկար, ֆիլմ լեգիտիմացնում է մշակույթի մեջ իշխող գաղափարախոսությունը, այն ոչ թե ինչ որ բանի ներկայացում է, այլ՝ ինչ որ մեկի համար ներկայացում: Էլեն Շոուլթերն այն միտքն է արտահայտել, որ կինը արվեստում խոսում է երկու ձայնով՝ իշխող գաղափարախոսության և այն, ինչ կապված է կնոջ զգացումների և մտքերի հետ: Այս երկրորդ ձայնը հաճախ աննկատ է մնում, և այն ճանաչելու համար ջանք է հարկավոր:

Հայաստանյան կին արվեստագետները հաճախ ընտրություն պետք է կատարեն արվեստի և ընտանիքի, անձնականի և հանրայինի միջև, ինչը պատրիարքալ հասարակությունում դժվարություն է հարուցում: Հայտնի է, որ կանայք, որոնք երեխաներ ունեն, իրենց պակաս ինքնավստահ են զգում, քան իրենց կոլեգա տղամարդիկ: Դիանայի շատ աշխատանքներ փորձում են միավորել արվեստը և ընտանիքը, նա ձգտում է երկուսում էլ գտնել ուրախություն: Նրա աշխատանքները կենսահաստատ են:

---

Վիդեո Արտ Արխիվի «Դիտումներեւզրույցներ» հանրային ծրագրի նպատակն է ժամանակակից արվեստի կոնտեքստում հարցադրել, թե ինչպես է շարժվող պատկերը արտադրում մտածողության ուղիներ և նպաստել շարժվող պատկերի վերաբերյալ քննադատական դիսկուրսի ստեղծմանը: Ծրագրի խնդիրն է վերա-արծարծել այն բովանդակությունը, որին անդրադարձել են վերջին 25 տարիներին Հայաստանում գործող արվեստագետները:

---

Վիդեո Արտ Արխիվը ԱրտԲազիսի նախագիծն է, որն աշխատում է վիդեո գործերի հավաքման և պահպանության վրա:

---

Նախագիծն իրականացվում է «Մշակույթի եւ կառավարման լաբորատորիայի» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):