Հրավիրում ենք «Խոսակցություններ»-ի շրջանակում շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին ժամը 19-ին Արա Նեդոլյանի «Աթեիզմ, արվեստ, կրոն» զեկույցին ու դրա շուրջ քննարկմանը:


------------------------
• Զեկույցում և զեկույցի սույն ազդարարում դիտավորյալ օգտագործելու եմ «Ես» ձևը զեկույցներին ավելի հարազատ «Մենք»-ի փոխարեն, բայց հնարավոր է, որ իմ զգացմունքներն ու մտքերն այս թեմայի վերաբերյալ ակտուալ են նաև ուրիշ մարդկանց համար:


• Չսիրելով տերտերականությունը և այլ քրմությունները՝ ուշադրություն եմ դարձնում, սակայն, որ գիտական և աթեիստական տեսլականը չի արտացոլում /կամ ներառում/ լեզվի մեջ առկա որակական սանդղակները, գերադաս աստիճանները:


• Կամքի ու գիտակցության ակտի շնորհիվ ես այնուամենայնիվ չեմ կարող հրաժարվել լեզվամտածողության կանոններից, և դա ինքնաբերաբար առաջացնում, գենեռացնում է իմ մեջ կրոնական զգացմունք ու դրանից բխող կենսական պրակտիկաներ, որոնք կամ քողարկվում են, կամ ինքնագրաքննվում քրմության հետ չնույնանալու մտավախությունից:


• Համակրորեն ընկալելով Նոր Կտակարանը, այնուամենայնիվ, չեմ կարողանում ակտուալ կապ հաստատել իմ անձնական, և իմ տեսանկյունից՝ հանրային արդիականության ու եղած կրոնների միջև:


• Կարիք եմ զգում մի այլ, ակտուալ գերադաս աստիճանները միավորող համակարգի: Ի՞նչ դա պետք է լինի:


• Արվեստի զարգացման երկու ճանապարհ եմ տեսնում, մեկը՝ գիտա-աթեիստական, երկրորդը՝ երևի անվանեմ դա նորացված-ավանդական: Երկուսն էլ, իմ կարծիքով, արժեքավոր են ու հեռանկարային: Առաջինը՝ գործիքավորում է արվեստը իբրև յուրաքանչյուրի և հասարակության կենսական հարցերի ձևակերպման ու հետազոտման միջոց, երկրորդը՝ գործում է ոչ բավարար, մասնակի կամ անգամ բացակայող ինֆորմացիայի պայմաններում կամ դեպքում, և հանդիսանում է վարկածների ու հիփոթեզների ստեղծման գործիք:


Ինձ համար էլ դեռ այդքան պարզ չէ, եկեք զրուցենք, վիճենք, մի քիչ ման գանք /երկու իմաստով էլ/ այս դաշտում/դաշտով: